Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի ընդունումով մարդիկ իրենց եկամուտները փորձելու են ավելի քիչ ներկայացնել և ստվերը այդ պատճառով մեծանալու է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Ռադիո Վան» ռադիոկայանի հաղորդավար, մշակութային բաժնի ղեկավար Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյան), որը մի շարք ճանաչված անձանց հետ միացել է Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարին:
«Մեր երկրում դեռ կյանքի մակարդակը չի հասել նրան, որ մարդիկ կարողանան այսօր պլանավորել այն, ինչ իրենք պիտի իրացնեն 30 տարի հետո: Նաև մեծ խնդիր է այն, որ մարդիկ այսօր չեն վստահում պետությանը»,-ասաց հաղորդավարը` նշելով որ Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը տեղին կլիներ Հոլանդիայում, Անգլիայում կամ Ֆրանսիայում, բայց ոչ Հայաստանում:
Հաղորդավարի վրա կենսաթոշակային օրենքը չի տարածվում, բայց նա պայքարելու է բոլոր նրանց իրավունքների համար, որոնք ծնվել են 1974-ից հետո:
«Պետությունը անում է ամեն ինչ, որ մարդիկ հույսները միայն իրենց վրա դնեն ու վերջ»,- ասաց հաղորդավարը:
Նրա կարծիքով` շատ կարևոր է հայտնի մարդկանց պայքարին միանալը, քանի որ այդ կերպ ավելի շատ մարդիկ կիրազեկվեն։
Գլումովը «Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ» նախաձեռնության հունվարի 16-ին կազմակերպած ավտոիրազեկման երթին ռադիոյի ուղիղ եթերից է մասնակցելու և կոչ է անելու մարդկանց միանալ երթին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Դ!եմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը միացել են շոու բիզնեսի, կինոյի եւ ռադիո ոլորտի ներկայացուցիչներ: Նրանց թվում են ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանն ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:






























