Կապանում, այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 12-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, որից վնասվածք է ստացել մի քաղաքացի: NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Բաղաբուրջ Բանավան թաղամասում:
Թիվ 9 տան մոտ վիճաբանություն է ծագել երկու երիտասարդ տղամարդկանց միջեւ, որի ժամանակ նրանցից մեկը կրակոց է արձակել՝ հակառակորդի ճակատին հասցնելով հրազենային վնասվածք: Նա դիմել է փախուստի, սակայն կրակողը հետապնդել ու արդեն հաջորդ տան մոտ մեկ անգամ էլ է կրակել: Տուժողին արագ տեղափոխել են Կապանի հիվանդանոց:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանությունից: Պարզվում է՝ տուժողը 40-ամյա Աշոտ Սողոմանյանն է, ով իր ազգական 27-ամյա Արա Պետրոսյանի հետ Բաղաբուրջ Բանավանի թիվ 9-10 տների մոտ վիճաբանել է ու այդ ժամանակ Արա Պետրոսյանն իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն հրազենով կրակել եւ վնասել է Սողոմոնյանին: Կրակոցներից վնասվել են նաեւ տվյալ հատվածում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ Արա Պետրոսյանը բերման է ենթարկվել, ինքնախոստովանական բացատրություն տվել, հրազենն առգրավվել է:
Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:





























