Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը որքանով կանդրադառնա իր վրա՝ ռադիո և հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) դեռ չգիտի, բայց նրա երկու աշխատավայրերից մեկում տնօրենն արդեն որոշել է աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի աշխատակիցները չտուժեն նոր օրենքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հենց սկզբից պայքարին միացած հաղորդավարուհին՝ նշելով որ հիմա ոչ տեղն էր, ոչ էլ ժամանակը նման օրենք ընդունելու համար։
«Հուսով եմ՝ դա, այնուամենայնիվ, մտածելու տեղիք կտա իշխանություններին և նրանք կհասկանան, որ գուցե լավ բան էին մտածել, բայց տվյալ դեպքում դա այնքան էլ լավ չէ մեզ համար, մենք դա չենք ցանկանում: Մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ։ Ժողովուրդն ապրում է այն պայմաններում, որ ընդամենը գոյատեւելու համար է իր աշխատավարձը ծախսում՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով։ Ցանկացած կրճատում ի վնաս ՀՀ քաղաքացու է»,- ասաց հաղորդավարուհին:
Լուսինե Բադալյանը արդեն մեկ անգամ կորցրել է վստահությունը, երբ իր համար ծնողների կուտակած տարիների խնայողությունը փոշիացել է. «Ես անձամբ չեմ վստահում պետությանը, գրեթե վստահ եմ՝ ժամանակի ընթացքում էլի խաբված եմ ինձ զգալու, հասկանալու, որ այդ գումարները, որ ես վաստակում էի, էլի չկան»,- ասաց Լուսինե Բադալյանը:
Հաղորդավարուհու կարծիքով՝ հայտնի մարդկանց միանալն այդ պայքարին ինչ-որ չափով կարող է օգտակար լինել, քանի որ նրանց ավելի շատ են տեսնում, լսում ու հետևում: «Այդպես հնարավոր կլինի խոսքն ավելի շուտ տեղ հասցնել»:
Լուսինե Բադալյանը մասնակցելու է հունվարի 16-ին կուտակային կենսաթոշակների օրենքի դեմ կազմակերպվելիք իրազեկման ավտոերթին. «Այս ամենը մի նպատակ ունի՝ փորձել կանխել որքանով հնարավոր է, եթե անգամ չստացվի էլ, բայց գոնե փորձել»,- ասաց հաղորդավարուհին:





























