«Ժամանակ» թերթը զրուցել է տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ։ Հատված հարցազրույցից.

Պարոն Խաչատրյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասում է, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի եւ Իրան-Հայաստան գազամուղի կառուցման համար «Գազպրոմի» ներդրումների արդյունքում «ՀայՌուսգազարդում» այդ ընկերության բաժնեմասը հասավ 80 տոկոսի: Եվ որ Հայաստանն այդ ծրագրերում ֆինանսական աջակցություն չի ունեցել: Դա եղել է իր նախագահության տարիներին: Այդ ժամանակ հնարավոր չէ՞ր նման ներդրում գտնել եւ արդյունքում որոշակի էներգետիկ անկախություն ունենալ:

Հայաստանը կարող էր եւ ներդրումներ չանել, բայց դա չի նշանակում, որ դա անպայման պետք է «Գազպրոմն» աներ: Իրանն իր աջակցությունն էր առաջարկում, եւ մենք ունեինք այլընտրանքային տարբերակ: Եվ Իրանը Հայաստանում սեփականություն ունենալու խնդիր չէր դրել: Հիմա այդպես են ցանկանում կառուցել Մեղրիի ՀԷԿ-ը: Պայմանագրի մեջ նշված է, որ Մեղրիի ՀԷԿ-ը 15 տարի պետք է աշխատի իրանական կողմի համար, դրանից հետո նոր կարող է ծառայել ՀՀ-ի համար:

Ռուսաստանը կամ «Գազպրոմը» դեռ ցանկություն չե՞ն հայտնել վերցնել նաեւ Մեղրիի ՀԷԿ-ը:

Դա էլ կարող են անել, իհարկե, շատ տեղին հարց է: Այս վերջին գազային պայմանագրով ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ ռուսական էներգետիկ հզորությունները առավելագույնս ծանրաբեռնված լինեն: Այս պայմանագրի դեպքում չես կարող օգտագործես քո էներգետիկ ռեսուրսները: Եվ այս պայմանագրից կարող է պարզվել, որ իմաստ չունի կառուցել Մեղրիի ՀԷԿ-ը: Իսկ 2004թ., երբ սկսվում էր այդ գազատարի կառուցումը, իրանական կողմից նախնական հաշվարկ էր կատարվել, եւ իրենց առաջարկի շրջանակներում ծրագրում պետք է ներդրվեր մոտ 240 մլն դոլար: Դա 20 տարվա ընթացքում պետք է փոխհատուցվեր էլեկտրաէներգիայի միջոցով: Այդ ժամանակ մի առիթով «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե մենք պետք է խորհրդակցենք նաեւ «Գազպրոմի» հետ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ գազամուղը պետք է կառուցի ռուսական կողմը:

Իսկ ինչո՞ւ նման որոշում կայացվեց, կամ հայկական կողմն ինչո՞ւ համաձայնեց այդ տարբերակին:

«Գազպրոմը» երբեւիցե մրցակիցներ չի սիրել, նա իր մրցակիցներին բոլոր հնարավոր ձեւերով շուկաներից հանում է: Ամենայն հավանականությամբ ՀՀ իշխանությունների նկատմամբ քաղաքական կամ տնտեսական լծակներն օգտագործելով է հասել դրան: Ես գտնում եմ, որ այդ ամենը քաղաքական նպատակներ է հետապնդել: Դրանով իշխանությունները կարողացել են իրենց կասկածելի լեգիտիմության պայմաններում մնալ իշխանության: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ բացի գազամուղ կառուցելուց կար երկրորդ պայմանավորվածությունը, որ պետք է ավարտին հասցվեր Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ու շահագործումը: Իրանը համաձայնել էր դա անել առանց որեւէ նախնական գումարների՝ նորից էլեկտրաէներգիա ստանալու դիմաց: Երբ ռուսական կողմը մտավ այդ պայմանագրի մեջ, պայմանավորվածությունները փոխվեցին: Կիսակառույց 5-րդ բլոկը գնահատվեց մոտ 140 մլն դոլար, ավելի քան 200 մլն դոլար էլ ինքը պետք է ներդներ: 140 մլն-ի դիմաց 2006-2008թթ. գազի գնի թանկացումը սուբսիդավորեցին, եւ դա նորից քաղաքական նպատակներ ուներ: Այսինքն` «գույք պարտքի դիմաց» սխեման ինչպես մի անգամ աշխատել էր 100 մլն դոլար պարտքի դեպքում, այնպես էլ գործադրվեց այս դեպքում: Ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում եւ Իրան-Հայաստան գազամուղում արված ներդրումները հետագայում «ՀայՌուսգազարդում» ավելացրեցին «Գազպրոմի» բաժնեմասը: Եվ դրա արդյունքում ՀՀ-ն կորցրեց իր 25 տոկոսը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում