Դատախազությունն ինտենսիվորեն քննում է   Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները,  եւ այդ գործով նախատեսվում է հանձնաժողով ստեղծել: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: 

Ըստ նրա՝ դատախազությունը մտադիր է նախկին վարչապետի մարմնի արտաշիրմում կատարել եւ փորձաքննությանն ընդգրկել Շվեյցարիայի կամ Իսրայելի լաբորատորիային, հայտնում են վրացական լրատվամիջոցները: 

«Որպես այլընտրանք՝ մենք մի քանի  տարբերակ ունենք, ինչպես Իսրայելում, այնպես էլ Շվեյցարիայում», - հայտարարել է Գարիբաշվիլին:

2012թ. «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո՝ սկսվել էր Ժվանիայի մահվան հանգամանքների քննությունը: Նախկին վարչապետը մահացած էր հայտնաբերվել 2005թ. փետրվարի 3-ին՝ Կվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալի հետ Թբիլիսիի բնակարանում:   Ըստ այն ժամանակվա պաշտոնական վարկածի, մահվան պատճառը դժբախտ պատահարն էր եղել: