Հաջողություններն ակնհայտ են, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ չէ, որ մեզ մոտ հարթ է ընթանում, ունենք նաեւ բացթողումներ, այդ բացթողումների շուրջ մենք սառնասրտորեն պլանավորում եւ որոշումներ ենք ընդունում, որպեսզի նրանց դեմ պայքար մղենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԵՊԲՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ կցանկանար, որպեսզի բանակի հրամանատարական կազմը ավելի բանիմաց լիներ, իրենց փորձով, գիտելիքով ավելի արագ կարողանային ներդաշնակել, կոլեկտիվներ ստեղծել, համախմբել մեր զինված ուժերը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրենք պետական սուղ միջոցներով ամեն աշխատանք տանում են բանակի որակը բարելավելու համար:
Անդրադառնալով ռազմական բժշկությանը, նախարարը կարեւորեց ռազմական բժշկության դերը բանակում՝ նկատելով, որ անգնահատելի է ռազմական բժիշկների մասնակցությունն արցախյան ազատամարտում:
«Սա մի ծառայությունն է, որը կրկնակի երդում է տալիս՝ Հիպոկրատի եւ հայրենիքի: Ինչպես նաեւ կրկնակի պատասխանատվություն է կրում իր վրա: Իրենց աշխատանքը ռազմական բժիշկներն իրականացնում են մարտական գործողությունների դաժան ընթացքում»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ մի քանի օր անցել է բանակի բոլոր զորամասերով, զրուցել հրամանատարական կազմերի հետ:





























