Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել դեկտեմբերի 24-ին Դիլիջանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ, մասնավորապես՝ դրան Դիլիջանի նախկին ոստիկանապետ Արթուր Եգանյանի մասնակցության մասին: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ոստիկանության Դիլիջանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանը սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել, նա դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեում գտնվող «Ակբակրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Դիլիջանի մասնաճյուղում հերթապահություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի բաժանմունքի ոստիկանի կողմից` տեղի ունեցող դեպքի ընթացքում ազդանշանային համակարգը միացնելուց հետո։ Արթուր Եգանյանի նկատմամբ ծառայողական քննություն չի նշանակվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը եւ 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:

Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը եւ Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր:Առավոտյան, ժամը 07.50-ին, հիվանդանոցում մահացել է նաեւ Արտավազդ Թամրազյանը: Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հունվարի 9-ին, ժամը 11.10-ին, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ նշված օրը, փոխհրաձգության ժամանակ, Նավասարդ Աբգարյանի կողմից օգտագործված «Նագան» տիպի ատրճանակը վերջինս թողել է իր «Պորշ» մակնիշի  ավտոմեքենայի սրահում, իսկ ինքն էլ` Մյասնիկյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի հետնամասում:Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նշված ատրճանակը: Հայտնաբերվածն ուղարկվել է  փորձաքննության:Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: