«Հայազն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում առկա են անհիմն մեղադրանքներ՝ զպարտող ու կեղծ տեղեկություններ «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի թիմի եւ հիմնադրամի գործունեության մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած դանակահարությանը եւ դրա վերաբերյալ «Հայազնի» հայտարարությանը:
«Զորակն»-ի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Այս պահին մենք քայլեր ենք ձեռնարկում իրավական հարթությունում խնդրի լուծման ուղղությամբ։ Միաժամանակ իրավական գործընթաց է նախապատրաստվում մեր հիմնադրամի բարի համբավը զպարտությամբ ու կեղծիքներով վարկաբեկելու փորձը խափանելու, ինչպես նաեւ դրանով պատճառած նյութական վնասների փոխհատուցում ստանալու համար։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց։ «Զորակն» հիմնադրամը իրագործում է ծրագրեր ՀՀ սահմանամերձ գյուղերում, ինչպես նաեւ Երեւանում եւ Արցախի ազատագրած տարածքում։ Հիմնադրամի գործունեությանը կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում, որ «Զորակն» հիմնադրամը երբեւէ չի ֆինանսավորվել եւ չի ֆինանսավորվում որեւէ պետական կառույցի կողմից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հրապարակել էր «Հայազն» կուսակցության հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հայաստանի նախագահի աշխատակազմին կից վարչություններից մեկի աշխատակիցներ ներկայացող մի խումբ անձիք` իրենց ղեկավար Կարեն Վրթանեսյանի գլխավորությամբ, ս.թ. հունվարի 12-ի երեկոյան նախապես ծրագրավորված ծեծկռտուք են սադրել իրենց կողմից կանխավ ընտրված վայրում:
Այդ ընթացքում հիշյալ անձի մերձավոր օգնական` Կարեն Վրթանեսյանին պատկանող եւ նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք եւ կտրելով արյունատար անոթը»:





























