Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի առաջարկությամբ անցկացված «Բանավեճի ակումբը», որն առաջին խաղաշրջանն ամփոփել էր դեկտեմբերի 27-ին, հունվարի 10-ից հայտագրում է նոր խաղաշրջանի մասնակիցներին։
Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ, Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի խոսքով՝ առաջին խաղաշրջանում շատ լավ արդյունք է արձանագրվել, թիմերը հետաքրքիր, բովանդակալից բանավեճեր են անցկացրել։
«Բանավեճի ակումբը» միջազգային պրակտիկա ունեցող բանավեճ-քննարկումներով խաղ է, որին մասնակցող երիտասարդները սովորում են գրագետ բանավիճել։ Նման խաղեր կան տարբեր բուհերում, երիտասարդական կազմակերպություններում. մեր անցկացրած «Բանավեճի ակումբը», անշուշտ, տարբերվում է որոշակի յուրահատկություններով։ Նոր խաղաշրջանում ժյուրիում ներգրավելու ենք մշակութային, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող հանրահայտ անձանց։ Նշեմ նաեւ, որ, թիմերի ձեւավորումից հետո՝ խաղերի բուն շրջանի մեկնարկից առաջ, արդեն կազմված դասախոսական խումբը ոչ ֆորմալ կրթության եղանակով անցկացնելու է թրեյնինգ-դասընթաց, որի միջոցով երիտասարդները կծանոթանան բանավեճի էթիկայի կանոններին, կվարժվեն ժամանակի կառավարմանը, բանավիճելիս տրված ժամանակն արդյունավետ օգտագործելուն, հարցերը դիպուկ ձեւակերպելուն, տեղում արագ կողմնորոշվելուն եւ այլն։ Այսպիսով, «Բանավեճի ակումբը» մի գործիք է, որի միջոցով մենք օգտակար ենք լինում, որ երիտասարդները կարողանան ակտիվ լինել, ինքնադրսեւորվել, ներկայացնել իրենց մտքերը, տեսակետը, մտահոգությունները, սովորեն քննարկելու տեխնոլոգիաները»,- նշել է Սամվել Մերթարջյանը։
Հունվարի 10-ից 16-ը մասնակցության արդեն շուրջ 30 հայտ է ներկայացվել: Հայտերն ընդունվում են մինչ հունվարի 31-ը։ Խաղաշրջանին նախորդող թրեյնինգ-դասընթացները կմեկնարկեն փետրվարի 15-ին։





























