Ռազմահայրենասիրական դաստիարակությունը վերածվել է հայ մնալու եւ հայի վերարտադրության արվեստի, հենց դա է մեր առաջնակարգ խնդիրը՝ հատկապես  մշակութային գլոբալ ագրեսիայի պայմաններում: Այս մասին հունվարի 17-ին կրթական հաստատություններում 2013թ. հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարի համոզմամբ՝ «ազգային» բառը երկրի շատ քիչ բնագավառներում է արտահայտչամիջոց հանդիսանում:

«Ազգային համարում ենք բանակը, ազգային ցանկանում ենք  դարձնել դպրոցը, ազգային համարում ենք մշակույթը, որպես ազգային ենք ընկալում նաեւ անվտանգությունը», - նշել է Աշոտյանը: Ըստ նրա՝ քարոզչությունը այն միջոցը չէ, որը կարելի է կիրառել ժամանակակից հասարակության մեջ՝ համապատասխան բարոյահոգեբանական արժեքներ ներմուծելու համար:  «Ժամանակակից հասարակությունը Հայաստանի դեպքում կարող է եւ պետք է լինի ազգային», - ընդգծել է կրթության եւ գիտության նախարարը: