Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարումից հետո տնտեսագիտականում սկսել են աշխատել նրա ընտանիքի անդամները, բարեկամները, իր եւ տղայի աներձագները: Այդ մասին գրում է Аravot.am-ը:

Մասնավորապես ռեկտորի որդին՝ Վարդան Աթոյանը բուհի Իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ է, դասախոսում է, 2013թ. հունիսից առ այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի Ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրի տնօրենն է: Կորյուն Աթոյանի աներձագը՝ Ազատ Քալանթարյանը, համալսարանի Միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ է:

Տնտեսագիտականում են աշխատում Կորյուն Աթոյանի որդու երկու աներձագները՝ Սուրեն եւ Կարեն Բաբաջանյանները: Կարեն Բաբաջանյանը համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավարն է, գումարած նաեւ դասախոսական աշխատանքը, Սուրեն Բաբաջանյանը ե՛ւ դասախոսում է, ե՛ւ աշխատում «Ամբերդ» կենտրոնում: Բուհի գրադարանում է ռեկտորի քույրը, որը մինչ այդ մանկավարժ էր աշխատում դպրոցում: Ռեկտորի բարեկամներից է նաեւ հաշվապահ Անուշ Պետրոսյանը, որը այս օրերին Մալայզիայում գիտական կոնֆերանսի է:

Ի դեպ, Աթոյանի որդին հոր՝ ռեկտոր դառնալուց հետո (2004թ) է պաշտպանել գիտական ատենախոսություն եւ ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հիշեցնենք, որ տնտեսագիտականի ռեկտորը 2003 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ է, այժմ էլ տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող 014 մասնագիտական խորհրդի անդամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով