Հայաստանի Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման ընդունմամբ մասամբ լուծվեց քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման հիմնախնդիրը: Այդ մասին ասվում է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:
«Այսպես` 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 4686 դատապարտյալ եւ կալանավորված անձ, դա այն դեպքում, երբ ամբողջ հիմնարկների ընդհանուր լրակազմը (մարդկանց պահելու կարողությունը) 4395 է: Իսկ 2013թ. համաներման կիրառմամբ 2014թ. հունվարի 10-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 875 անձ (706 դատապարտյալ եւ 169 կալանավորված անձ): Համաներման կիրառման արդյունքում 1212 ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձ ազատվել է պատժի հետագա կրումից, իսկ 148 անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը համաներման ակտով սահմանված համապատասխան չափով կրճատվել է: Ներկայումս քրեակատարողական հիմնարկներում առկա է 3922 անձ:
Համաներման ակտի 21-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների ղեկավարները համաներման ակտը պետք է կիրառեն հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 2013 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ: Եթե այս մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված եւ ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վերջինները պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն: Այս կապակցությամբ հատկանշականն այն է, որ սահմանված ժամկետում վերոհիշյալ պաշտոնյաները կատարել են իրենց պարտավորությունները, այսինքն` կատարել են համապատասխան հարցումները, սակայն դրանց պատասխանները դեռեւս չեն ստացվել, որոնցով պայմանավորված` համաներման ակտը դեռեւս չի կիրառվել (կամ պատասխանների արդյուքում կարող է նաեւ չկիրառվել) 59 դատապարտյալի նկատմամբ, որն էլ կիրականացվի եւ իրականացվում է համապատասխան հարցումների պատասխաններն ստանալուն պես:
Համաներման կիրառման կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում ստացվել եւ քննարկվել է թվով 143 (որից 3-ը դեռ ընթացքի մեջ են) դիմում եւ բողոք պատիժ կրող դատապարտյալներից կամ նրանց հարազատներից (դրանցից մի մասն իրենց հերթին ուղղված են եղել համապատասխանաբար ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների համապատասխան պետերին): Այդ թվից մոտ 110 դիմումների գերակշիռ մասով հայցվել է տրամադրել տեղեկատվություն կոնկրետ դեպքերում համաներման կիրառելիության վերաբերյալ: Դիմումատուներին տրվել է համապատասխան տեղեկատվություն:
Ներկայացված նաեւ մոտ 35 դիմում-բողոքների եւս սահմանված կարգով ընթացք եւ լուծում է տրվել: Բողոքների մեծ մասը վերաբերել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են.
-չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը, կամ
-կամ չարամիտ խախտող են համարվել, կամ
-տվյալ հանցանքների կապակցությամբ համաներման ակտով սահմանված են եղել համապատասխան սահմանափակումներ:
Դատական կարգով բողոքարկվել է համաներման կիրառման կամ չկիրառման 79-ը (որից 2-ը` ազատության հետ չկապված պատժի դատապարտված անձիք) դեպք, որոնցից 5-ը (որից 2-ը` ազատության հետ չկապված պատժի դատապարտված անձիք) դատական կարգով ստացել են իրենց լուծումները, իսկ 74-ը դեռեւս գտնվում են քննարկման փուլում: Այս պարագայում հատկանշական մի հանգամանք եւս. ներկայացված թվաքանակը ներառում է միայն ՀՀ արդարադատության նախարարության իրավասու պաշտոնյաների գործողությունները:
Համաներման ակտի կիրառման ընթացքում դրա կիրառման կապակցությամբ խնդրահարույց հիմնախնդիրներ չեն ծագել եւ եղածները կարելի է պայմանականորեն համարել ընթացիկ բնույթ կրող»:





























