Ստամբուլահայ նկարչուհի Քարոլին Ֆիշեքչին, ով հայտնի է էրոտիկ բնույթի արվեստի գործերով եւ սկանդալային հայտարարություններով, վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում քննադատել է թուրքական իշխանություններին։
Քարոլին Ֆիշեքչին Twitter-ի իր էջում թողել է իշխանություններին քննադատող մի շարք գրառումներ, որոնցում նա քննադատել է «Մեծ կաշառք» գործողությունն իրականացրած ոստիկաններին աշխատանքից ազատելը։
«Հիմա էլ ոստիկանները վախեցած են եւ ձերբակալություններ չեն իրականացնում՝ անհանգստանալով, որ իրենց մյուսների պես կհեռացնեն աշխատանքից։ Պետք է սրա դեմ ինչ որ միջոց գտնել։
Տեսել ենք, թե կաշառակերության մեջ մեղադրվող քաղաքապետերեը, նախկին նախարարները որ թանգարանների եւ ցուցահանդեսների բացմանն են մասնակցում»,-գրել է Քարոլին Ֆիշեքչին։
Նշենք, որ Քարոլին Ֆիշեքչին մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ նա ընկերություն էր անում թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուքի հետ։ Ֆիշեքչին մի առիթով պատմել էր, թե Օրհան Փամուքը չի ցանկացել իր հետ երեւալ հասարակության աչքին՝ պարզաբանելով, թե Քարոլինի հայ լինելու համար իրենց կքարկոծեն։





























