Լավ է, որ նկատվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա  Հայաստանը չէ, բայց նաեւ Արեւելյան Հայաստան չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե ներկա Հայաստանի Հանրապետությունը պետք է անվանակոչել Արեւելյան Հայաստան:

Նրա խոսքով՝ Արեւելյան Հայաստան ասելով հասկանում ենք նաեւ Նախաջիվանը, Սուրմալուի գավառը, Կարսի մարզը, ամբողջ Արցախը՝ հյուսիսային Արցախի հետ ներառյալ, 1988թ-ին հայաթափ եղած Գանձակի շրջանը:

«Այսինքն` Արեւելյան Հայաստանը շատ ավելի ընդարձակ  տարածք է, քան այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է: Դրա համար ես չեմ գտնում, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը պետք է անվանել Արեւելյան Հայաստան: Սա Արեւելյան Հայաստանի 1/3-րդ մասն է: Սա ի՞նչ Արեւելյան Հայաստան»,- ասաց Սամվել Կարապետյանը: Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը: Նախարարը Facebook-ի իր էջում գրել է. «Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության եւ պահանջատիրության դիտանկյունից:Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Այս առաջարկս հնչեցրել եմ դեռեւս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է: Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am