Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության կողմից Փարիզի քաղաքապետի թեկնածու Աննա Իդալգոն Փարիզում Հայ մշակույթի տանը հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակության հետ: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն՝ հավելելով, որ չնայած խիստ գրաֆիկին՝ մունիցիպալ ընտրություններից երկու ամիս առաջ ֆրանսիական մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուն ժամանակ է գտել հանդիպել հայկական կուսակցության առաջնորդների հետ:
Հանդիպման ժամանակ Աննա Իդալգոն ընդգծել է իր հակվածությունը ազատության ու արդարության արժեքների հանդեպ, որոնք իր քաղաքական կարգախոսի հիմքում են ընկած: Խորապես ծանոթ լինելով հայկական հարցի տարբեր կողմերին՝ նա հաստատել է իր հակվածությունը ցեղասպանության ժխտման դեմ պայքարի հանդեպ, որը տեղ չունի Ֆրանսիայում: «Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումն անհրաժեշտություն է, ու ես լիովին աջակցում եմ»,- հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի մուտք գործելուն Եվրոպական Միություն, քաղաքապետի թեկնածուն նույնքան վստահորեն հայտարարել է, որ թուրքական պետության համար եվրոպական ապագա լինել չի կարող, քանի դեռ չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ չի իրագործել մի շարք պայմաններ՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ:
Վերջապես, հիշեցնելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման մասին՝ Աննա Իդալգոն ցանկություն է հայտնել կապ հաստատել երկու մայրաքաղաքների միջեւ եւ ուսանողների փոխանակման իրական համակարգ ստեղծել: Քաղաքապետի թեկնածուն նաեւ ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, հանդիպել Երեւանի ու երկրի մարզերի բնակիչներին հետ, եթե ընտրվի Փարիզի քաղաքապետ:





























