ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի 2 դասախոսներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ որտեղ անդրադարձել են ամբիոնում ստեղծված մտահոգիչ իրավիճակին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ձեզ դիմելու շարժառիթը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում ստեղծված մտահոգիչ իրավիճակն է: Այստեղ, ցավոք, վաղուց տիրապետող են դարձել ամենաթողությունն ու տաքուկ տնայնավարությունը՝ հետին պլան մղելով ուսանողներին գիտություն ու մասնագիտական հմտություններ պատվաստելու հիմնական պարտականությունը: Դրությունն առավել տագնապալի է դառնում, երբ վրա է հասնում նմանօրինակ իրավիճակներին բնորոշ մարդկային արժեհամակարգի խեղաթյուրման գործոնը: Արդեն վաղուց վարվում է բազմամյա փորձ ունեցող վաստակաշատ մասնագետների նկատմամբ, ովքեր կրթել եւ արաբերենի լեզվական նրբություններին հասու են դարձրել մի քանի սերունդների, ուսումնական գործընթացից դուրս մղելու քաղաքականություն:

Մանավանդ այժմ, երբ մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը՝ պայմանավորված մերձավորարեւելյան տարածաշրջանին պատուհասած մարտահրավերներով, հրամայական է դարձնում արեւելյան լեզուներին մայրենիի պես տիրապետող մասնագետների նկատմամբ ուշադրությունը, առավել սուր ու հրատապ է դառնում քննարկվող հարցը:

Արդեն տասը տարուց ավելի է, ինչ ֆակուլտետում շարունակաբար անկում է ապրում արաբերենի դասավանդման մակարդակը: Ստեղծվել է տրամաբանությունից զուրկ մի իրողություն, երբ ուսանողներին հրամցվում են արաբերենին հարակից կամ դրա հետ նույնիսկ աղերս չունեցող առարկաներ՝ անտեսելով առաջնայինը՝ լեզվին տիրապետելու կարեւորությունը: Ի հաշիվ այդ առարկաների դասավանդման ժամաքանակի ավելացման՝ լեզվին կատարելապես տիրապետող բարձրակարգ մասնագետների՝ լսարան մտնելու հնարավորությունները տարեցտարի նվազում են: Արդյունքում տուժում է ուսանողը, քանզի լեզվակիր եւ վաստակաշատ մասնագետները  հայտնվում են լսարանից դուրս վիճակում: Իսկ այդ «հարակից» առարկաներն էլ իրականում անվանումներ են միայն՝ ըստ էության, դրանք էլ կարգին չեն մատուցվում՝ համատարած աչքակապություն, անտերություն է. ով ինչ ուզում, անում է: Նույնիսկ մարդիկ կան, որ դասախոսի դրույք ունեն, բայց Հայաստանից դուրս են գտնվում՝ ուրիշներն են նրանց տեղը իբր դասավանդում:

Ամբիոնի վարիչի պաշտոնակատարը ջանք չի խնայում, որ գունավոր հեղափոխությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի սկզբունքով երկփեղկված կոլեկտիվում առավելություն ստանա իր հովանավորած թիմը: Ափսոսալի է, սակայն փաստ, որ նման անառողջ մթնոլորտին նպաստում է նաեւ ֆակուլտետում փաստորեն դեկանի, սրտացավ ղեկավարի բացակայությունը: Ո՞ւմ ասես, ի՞նչ ասես... Արդեն 4-5 տարի այսպիսի  անորոշ վիճակ է ֆակուլտետում:

Արաբերեն լեզվի բարձր մակարդակ ապահովելու նպատակով ցանկալի է ոչ նպատակային առարկաների բեռնաթափմամբ վերականգնել լեզվին քաջատեղյակ մասնագետների դրույքաժամերը եւ  ամբիոնում անցկացնել լեզու դասավանդող դասախոսների՝ լեզվի իմացության ատեստացիա, քանզի այս հարթությունում եւս բախվում ենք տխուր իրողության: Ոմանք անկարող են նույնիսկ միջին բարդության տեքստեր թարգմանել,սակայն լրիվ դրույքներով արաբերեն են դասավանդում: Փոխանակ զբաղվելու մասնագիտական կադրային ճիշտ ընտրությամբ՝ ամբիոնում առաջնային է համարվում գունավոր հեղափոխությունների հանդեպ համակրանքը: Ավագ սերնդի հմուտ մասնագետների՝ դրույքաժամերի պակասեցման բողոքին ամբիոնի վարիչի պաշտոնակատարը եւ որոշ աշխատակիցներ չարախնդությամբ խորհուրդ են տալիս դիմել «նրան, ում ձայն եք տվել», այն է՝ Ձերդ գերազանցությանը:

Ամբիոնը այսօր հեռու է ուսումնամանկավարժական կառույց լինելուց. այն, ըստ էության, վերածվել է քաղաքական շտաբի:     

Մեծարգո պարոն Նախագահ, հայցում ենք Ձեր բարձր միջամտությունը՝ այս ամենաթողության մթնոլորտը առողջացած տեսնելու հույսով»:

Խորին հարգանքով՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոսներ

Սարգիս Փոլադյան

Հարություն Գրիգորյան