Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովի կրթության հարցերով կոմիտեն միաձայն ընդունել է ժողովի անդամ Ադրիան Նազարյանի կողմից առաջարկված նախագիծը Հայոց ցեղասպանության թեման ներառել նահանգի դպրոցական ծրագրում եւ դասավանդել պետական դպրոցների 7-12-րդ դասարաններում:

Ինչպես գրում է «Asbarez»-ը, թուրք-ամերիկյան խմբերի ներկայացուցիչները սուր քննադատել են՝ ժխտելով ցեղասպանությունը, ինչը ստիպել է  կոմիտեի նախագահ Ջոան Բյուքենենին ու կոմիտեի անդամներ Ռոքի Չավեսին ու Շիրլի Վեբերին նշել, թե որքան կարեւոր է  բացահայտ խոսել ցեղասպանության ու պատմական անարդարության մասին:

Հայերի ցեղասպանությունից բացի՝ օրինագիծը նաեւ «կոչ է անում մարդու իրավունքների, Հոլոքոստի ու ցեղասպանությունների, այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության, Կամբոջայում, Դարֆուրում ու Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ դասընթացում ներառել փրկվածների, փրկողների, ականատեսների բանավոր վկայությունները, սակայն չբավարարվել միայն դրանցով»: Բացի այդ օրինագիծը խրախուսում է ուսումնական նյութերի տրամադրումը, որպեսզի հնարվոր լինի ավելի մանրամասն հետազոտվի Հայոց ցեղասպանությունը: