Լոռիի մարզի Դեբեդ գյուղի Հանքաձոր գետի հարեւանությամբ, ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղած 83-ամյա Սերոժ Ս.-ի ընտանիքը գյուղի ամենալավ ապրող ընտանիքներից մեկն է, իսկ որդին «ՀայՌուսգազարդում» որպես տեսուչ է աշխատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դեբեդի գյուղապետ Կամո Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Սերոժ պապի ընտանիքը ֆինանսական ոչ մի խնդիր չի ունեցել: «Բոլորս զարմացած ենք, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ: Ինքը հաշմանդամ էր, ժամանակին վթարի է ենթարկվել: Վերջին շրջանում էլ է ցավեր ունեցել: Հնարավոր է առողջականը պատճառ լինի»,- կարծիք հայտնեց գյուղապետը եւ ավելացրեց, որ ինքնասպան եղած տղամարդը երկու որդի ունի եւ փոքր որդու հետ է ապրել:
Գյուղապետի պատմելով Սերոժ պապը հաճախ է գնացել ձեռքով մոտակա անտառից փայտ հավաքելու, բայց հունվարի 16-ին գնացել է եւ սովորականից երկար մնացել անտառում: Հարազատները գնացել են փնտրելու եւ հունվարի 17-ի լուսադեմին ծառից կախված վիճակում են հայտնաբերել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռիի մարզի Դեբեդ գյուղի Հանքաձոր գետի հարեւանությամբ հունվարի 17-ի լուսադեմին հայտնաբերվել է 83-ամյա Սերոժ Ս.-ի դին: Վերջինս ինքնասպան էր եղել ծառից կախվելու միջոցով:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























