41-ամյա Քաջիկ Ա.-ն մեղադրվում է իր տան հյուրին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերի համաձայն՝ 41-ամյա Քաջիկ Ա.-ն, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է իրենց տանը հյուրընկալած Եփրեմ Ս.-ի աջ աճուկային հատվածին՝ պատճառելով առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:
Հավաքվածների միջամտությամբ կռիվը դադարեցվել է, որից շուրջ 10 րոպե հետո նորից վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Քաջիկ Ա.-ն իր մոտ եղած նույն ծալովի դանակով հարվածներ է հասցրել Եփրեմ Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Քրեական գործ է հարուցվել 113 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հունվարի 16-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























