«Ժամանակը» գրում է. ««Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանի՝ Մանախի եւ նրա ընկերոջ հարցադրումներից հետո վերջապես Արկադի Տեր-Թադեւոսյանը որոշեց խոսել 12 տարի առաջ իր դեմ իրականացված մահափորձի մասին:

Թեեւ նախապես ասել էր, որ իր դեմ մահափորձ չի իրականացվել, եւ տեղի ունեցածն ընդամենը խուլիգանական արարք էր, այնուամենայնիվ նա «Ժամանակի»  հետ զրույցում ասել էր, որ այդ հարձակումը, թերեւս, իրեն վախեցնելու համար էր: Կոմանդոսը նաեւ դժգոհել էր, որ դեպքից հետո քննչական մարմինը ո՛չ իրեն, ո՛չ մահափորձի օրը հարձակումից տուժած Սերժ Պետրոսյանին նորմալ հարցաքննության չի կանչել, եւ նորմալ քննություն չի կատարվել:

«Իմ հարցաքննությունը քննչական մարմնի հետ անցավ ընկերական մթնոլորտում, ասացին՝ հնարավոր է իրեն ոչ մեկն էլ չի խփել, ինքն է իրեն խփել, ու դրանով վերջացավ: Թե ինչպես գործը փակվեց՝ մենք չգիտենք, ես նոր եմ իմացել, որ այդ գործով մարդ է դատվում. Հայաստանն այնքան փոքր տեղ է, բայց ոչ ոք չի իմացել: Կարող էր մեկն ինձ ասել՝ ինչո՞ւ ոչ մեկը չեկավ, ինձ չասաց, որ մարդու են դատում, ինչո՞ւ են 12 տարի անց այս մասին բարձրաձայնում: Իրար մեջ այս հարցը փակել են, իրենք լավ էլ գիտեն՝ ով ինչ է արել, բայց ինձ ոչ մի բան չասացին»:

Սակայն հիշեցնենք, որ Կոմանդոսի դեմ մահափորձի գործը կարճվել է հանցագործությունը կատարած անձի հայտնի չլինելու հիմքով, եւ ոչ ոք այդ գործով պատասխանատվության դեռեւս չի ենթարկվել: Իսկ այն, որ գործի քննությունը լիարժեք չի եղել, փաստում է նաեւ ինքը՝ Կոմանդոսը: Թերեւս, հենց այդ իմիջիայլոց վերաբերմունքն է պատճառը, որ մահափորձը այդպես էլ չբացահայտվեց եւ չպարզվեց, թե ով էր կանգնած դրա հետեւում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում