Հայաստանի դպրոցական համակարգի վարկանիշավորման պիլոտային ծրագիրը ախտորոշիչ մեթոդ է հասկանալու, թե որտեղ են մեր ուժեղ եւ թույլ կետերը: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, ՀՀ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսի ժամանակ նշեց Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Խոսելով նպատակների մասին, նա ասաց. «Նախ եւ առաջ կրթական ծառայություններ սպառողներին, ծնողներին եւ աշակերտներին  օբյեկտիվ ինֆորմացիա տրամադրել այս կամ այն ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի կազմակերպման եւ որակի մասին: Միաժամանակ թույլ է տալիս բացահայտել մեր ուժեղ եւ թույլ հաստատությունները: Ավելին` թույլ է տալիս հասկանալ այս կամ այն հաստատությունում ինչ խնդիրներ են առավել ընդգծված, որ բաղադրիչն է կաղում եւ ուժեղ»,- նշեց Արմեն Աշոտյանը եւ ավելացրեց, որ այստեղ պատժելու  միտում բացարձակ չկա եւ չի կարող լինել, քանի որ սա ախտորոշիչ մեթոդ է:

Նա նշեց, որ կան մի շարք ցուցանիշներ, որոնք չեն աշխատում եւ բերեց օրինականներից մեկը. «Համայնքային կյանքում դպրոցի ներգրավվածությունը շատ կարեւոր ցուցանիշ է հատկապես Արեւմտյան կրթական համակարգում: Մեզ մոտ, ցավոք սրտի,  այդ մշակույթը եւ ավանդույթը ձեւավորված չէ»,- ասաց Արմեն Աշոտյանը եւ ավելացրեց, որ մի շարք քննարկումներ եւ վերանայումներ կանեն, որից հետո 2015թ-ին հրապարակվելիք վարկանիշը  կներկայացնեն հանրության ուշադրությանը, որպես վերջնական պրոդուկտ: Նա նաեւ հիշեցրեց, որ համակարգը մշակվել է անցյալ տարի: