Մոսկովյան գիշերային ակումբներից մեկում երկու կովկասցիներ ծեծկռտուք են սարքել ակումբի աշխատակիցների հետ ու ծեծի են ենթարկել ոստիկանին: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 17-ի գիշերը:
Հաղորդվում է, որ «Բորա-Բորա» ակումբում երկու դաղստանցիներ հարձակվել են հաստատության աշխատակիցների վրա՝ ի պատասխան իրենց հասցեին արված նկատողությանը՝ նրանց խնդրել էին ավելի լուռ լինել եւ չխանգարել մյուս հանգստացողներին: Բացի այդ, տղաներին թվացել է, որ իրենց դանդաղ են սպասարկում:
Արդյունքում կովկասցիները բռունցքներով հարձակվել են ակումբի աշխատակիցների վրա: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները Մոսկվայում բնակվում են արդեն մոտ մեկ տարի եւ զբաղվում են պրոֆեսիոնալ ըմբշամարտով: Ձերբակալման ժամանակ նրանցից մեկը ոստիկաններին դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում վնասվել է ոստիկանի ձեռքն ու մատները:





























