Հայաստանի ՊՆ N զորամասում դեկտեմբերի 10-ին զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության հասցնելու դեպքով ծառայողական քննությունը ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ծառայողական քննության արդյունքում, մամուլի քարտուղարի փոխանցմամբ,  պատասխանատվության կենթարկվի 5 սպա, այդ թվում նույն զորամասի դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները եւ գնդի պետի տեղակալը: Նրանք կպաշտոնազրկվեն կամ կաստիաճանազրկվեն, իսկ ավելի վերադաս սպանները՝ կստանան նկատողություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը: Քրգործի շրջանակում կալանավորվել են նրա երկու ծառակիցներն ու վաշտի հրամանատարը: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրեն այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը: Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը: