«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ շաբաթ, վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու նախկին գործարանային հանրակացարաններից մեկը, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի եւ երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:

Այդ մասին ահազանգ էր հնչեցվել եւ կոչ արվել լրագրողներին, լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարձնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ եւ հակահիգենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին: Այս դեպքը այնուհետեւ մեծ հնչեղություն գտավ: Անգամ ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացումներ տվեց, որ հիվանդ երեխաների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է իրենց ուշադրության տակ:

Այսօր «Շիրակ կենտրոնի» եւ «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության աշխատակիցները, համատեղ այցելեցին վերոհիշյալ եւ այլ նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված տասնյակ ընտանիքների եւ ցուցաբերեցին օգնություն, սննդի ու հագուստի տեսքով: Հիվանդ երեխաների ծնողները մեզ հայտնեցին, որ երեխաների վիճակը անհամեմատ լավ է եւ բուժումը տալիս է իր դրական արդյունքը: Այնուամենայնիվ չկա երաշխիք, որ նման հակահիգենիկ եւ անմխիթար պայմաններում հիվանդությունը չի կրկնվելու: Ստորեւ ներկայացնում ենք բարեգործական համատեղ ակցիայի եւ անօթեւան տասնյակ ընտանիքների ապրելակերպը պատկերող, Նարեկ Թումասյանի լուսանկարային ռեպորտաժը՝ առանց մեկնաբանության: