132 դպրոցի 5-ի «Ա» դասարանի աշակերտները եւ նրանց ծնողները դժգոհ են իրենց Մայրենի լեզվի ուսուցչուհի Սիլվա Ավոյանից եւ անգամ չեն բացառում, որ եթե նա շարունակի իրենց դասավանդել, դասադուլ կհայտարարեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը՝ Լիլիա Սարգսյանը:
«Երեխաները 10-ի են պատասխանում, բայց ինքը 5 է նշանակում: Ամբողջ 26 հոգանոց դասարանն է նրանից դժգոհ: Ինքը ոնց ուզում, վերաբերվում է: Անգամ բացարձակ գերազանցիկ երեխաների ծնողներն էլ են նրանից դժգոհ: Տղաս մի անգամ ասաց, որ էլ չի մասնակցելու դասերին: Հետը գնացել եմ մտել դասարան եւ ասել, որ իմ ներկայությամբ դասը պատասխանի: Պատասխանել է 10-ի, բայց ուսուցիչն ասում է, թե մայրիկին տեսավ, դրա համար պատասխանեց: Լավ, մայրիկին տեսավ 8-ի կարող էր պատասխանել, բայց ոչ 10-ի: Այնինչ` տղայիս մինչեւ այդ 5 էր նշանակել: Ճիշտ է տղաս թելադրությունները 7-ի է գրում, բայց բանավորը 10-ի է պատասխանում»,- դժգոհեց ծնողը:
Հարցին, թե իր կարծիքով, ուսուցիչը նման պահվածքով ի՞նչ նպատակ է հետապնդում, նա պատասխանեց. «Դե կարծում ենք, որ ցանկանում է, որ ծնողներով գնանք իրեն տեսնենք, վերաբերմունք ցույց տանք, բայց մենք չենք պատրաստվում նման բան անել»: Նա նաեւ ավելացրեց, որ եթե աշակերտները համակարգիչ չունենալու դեպքում ռեֆերատները ձեռքով են գրում, նույնպես ցածր է նշանակում:
132 դպրոցի տնօրեն Էրիդա Հայրապետյանն իր հերթին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սիլվա Ավոյանը հրաշալի եւ բարձրակարգ ուսուցիչ է եւ չի պատրաստվում նրան աշխատանքից ազատել:
«Ատեստավորված, խստապահանջ ուսուցիչ է: Ծնողն ավելի շատ ուզում է, որ իր երեխան գնահատական, թե գիտելիք ունենա: Ինքս խստապահանջ եմ: Խոսքը , ոչ թե կոպտության, այլ խստապահանջության մասին է: Որպես ծնող ես կուզենայի, որ իմ երեխայի ուսուցիչը խստապահանջ լիներ , որովհետեւ կարեւորը գիտելիք ստանալն է, ոչ թե չունեցած գիտելիքի համար գնահատական վաստակելը: Այսօր մենք ճրագով ենք ման գալիս խելացի աշակերտների: Ուսուցիչը ինչ շահագրգռվածություն ունի, որ 10-ի աշակերտին 5 նշանակի»,-իր հերթին դժգոհեց տնօրենը:
Երբ փոխանցեցինք ծնողների կասկածներն այն մասին, թե այդ կերպ հավանաբար փորձում է, որ իրեն ծնողները կաշառեն, նա արձագանքեց. «Լավ էլի: Նման ծնողներն են, որ եւ դպրոցը, եւ մանկավարժը հասարակության աչքում արժեզրկվել են: Այն, որ մենք ասում էինք սրբության-սրբոց, պատկերացնում էինք ուսուցչին եւ դպրոցը այսօր չկա: Հերիք է էլի: Ինչ են ուզում այդ խեղճ ուսուցչից»:
Տնօրենը նաեւ ավելացրեց, որ այդ ուսուցչին հեռացնելու բացարձակ խնդիր չկա: «Ես նրա մոտ դաս եմ լսում: Ընդհանրապես պլանավորված ուսումնասիրությունների ժամանակ հրաշալի դասեր է պարապում, գրագետ աղջիկ է, հրաշալի կարգապահություն ունի: Ես որպես ի՞նչ հեռացնեմ: Ինչ ա, թե ինչ-որ մեկի երեխան ցածր է ստացել: 10-ի երեխան 3 էլ կստանա, 2 էլ կստանա: Ինչ անենք: Իմ երեխան եւս եւ բարձր գնահատական է ստացել եւ, ցածր»,- ավելացրեց դպրոցի տնօրենը:




























