ՍԴՀԿ նախկին անդամ, ԱԱՊՎ-ի (ներկայիս ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հ/կ բացելու համար դեռ չի կարողանում հավաքել պահանջվելիք 2 հազար դոլարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ հ/կ-ը բացելու մտքից ամեն դեպքում չի հրաժարվել:
«Հիմա հ/կ-ի անդամներով ենք փորձելու յուրաքանչյուրս մեր ներդրմամբ լուծել այդ խնդիրը: Դրա մասին իմ ընկերները տեղեկացված են եւ որոշում ենք, թե ինչպես անենք: Հ/կ-ի մասնակիցների անհրաժեշտ քանակն էլ կա»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ դեռ չի կարող ասել, թե երբ այն կբացվի:
Նրա խոսքով՝ հ/կ-ն զբաղվելու է քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ոտնահարված իրավունքների եւ արդարության վերականգնմամբ, որը մեր երկրում աջ ու ձախ ոտնահարվում է:
Ավելի վաղ ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ամիսը 2 հազար դոլար է պակասում նոր ՀԿ բացելու համար: «Ձգձգումը դրա պատճառով է: Ֆինանսավորումը շատ թանկ է նստում: Մինիմալ գումարի մեջ մտնում է պարտադիր գրասենյակի գումարը, քարտուղարուհու, վարորդի գումարը արդեն կլոր գումար արեց: Եթե գրասենյակը քաղաքի կենտրոնում վերցնեմ, դա արդեն 2 հազար դոլար կլինի, Կոմիտասի վրա 1500 դոլար, Զեյթունի վրա 1000 դոլար»,- նշել էր Գուրգեն Եղիազարյանը:




























