Մեկուսարանում գտնվող կալանավորին քննիչը շուրջ չորս ամիս չի թույլատրել տեսակցել, անգամ զանգահարել ընտանիքի անդամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Տարածված հաղորդագրությունում նաեւ նշվում է. «Հատուկ քննչական ծառայության պետի անմիջական հրահանգով միայն մեկ անգամ է կալանավորը կարողացել հանդիպել հարազատներին, որից հետո դարձյալ մեկ ու կես ամիս տեսակցություն չի թույլատրվել:

Օմբուդսմենի միջամտության արդյունքում վերացվել է արգելքը եւ այսուհետ թույլատրվում է կալանավորի տեսակցությունները եւ հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, ինչպես նաեւ մշտական կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ»:

ՄԻՊ-ի գրասենյակը չի նշում կալանավորի անունը: