«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 18-ին տեղի ունեցած հանրահավաքը շարժման առայժմ ամենաբազմամարդ ակցիան էր: Այն ինչ-որ առումով սովորական հայկական հանրահավաք էր. այդպիսի հանրահավաքի տարբեր նախաձեռնությունների տեսքով մենք ականատես ենք եղել տարիների ընթացքում, իսկ ինչ-որ առումով էլ աննախադեպ էր, քանի որ հանրահավաքի, այսպես ասած, ունկնդիր, հրապարակում կանգնած զանգվածը ոչ թե ինչ-որ կուսակցության էր պատկանում, այլ հանդիսանում էր քաղաքացիական զանգված, որին հրապարակ էր բերել իր կոնկրետ խնդիրը, իր շահը՝ որպես քաղաքացի, որի վերաբերյալ կառավարությունն ընդունել է անցանկալի որոշում:
Մենք գիտենք, որ Հայաստանում, այսպես ասած, կուսակցական հանրահավաքները ի վերջո հանգում են տվյալ կուսակցության եւ իշխանությունների գործարքին: Եվ լավ է, որ մենք գործ ունենք ինչ-որ առումով այլ՝ աննախադեպ բազմամարդ հանրահավաքի հետ:
Սակայն մյուս կողմից էլ մենք չգիտենք, թե ինչ պոտենցիալ եւ հեռանկարներ ունի, այսպես ասած, նման՝ անկուսակցական հանրահավաքային լայն շարժումը կամ բողոքի շարժումը: Եղել են լոկալ դրսեւորումներ՝ հաջող կամ անհաջող, սակայն տեւական ապակուսակցական զանգվածային շարժման պրակտիկա Հայաստանում կարծեք թե չի եղել, եւ այս տեսանկյունից մենք չունենք արդյունավետության վերաբերյալ պնդումների առանձնապես խոր հիմքեր: Միեւնույն ժամանակ եւ այն, որ չունենք նաեւ նմանօրինակ շարժումների անարդյունավետության հիմքեր, արդեն իսկ դրական սպասումների առնվազն հավասարակշռված վիճակ է ստեղծում:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























