Տավուշի մարզպետարանում, հունվարի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային ծառայությունների հաշվետու նիստը, որտեղ ամփոփվեցին 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու համայնքների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ: Նիստը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Վաղինակ Հովսեփյանը: Նշվեց, որ հաշվետու տարում մարզային փրկարարական վարչության կողմից ամբողջությամբ կատարվել են 2013 թ. հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքները: Տարվա ընթացքում արձանագրվել է ԱԻ 263 դեպք, որը նախորդ տարվանից պակաս է 18-ով: Զգալիորեն նվազել է հրդեհների քանակը` 108 դեպք 2012 թվականի 204-ի դիմաց: 2013-ին գրանցվել է խոտածածկ տարածքների 23 հրդեհ` նախորդ տարվա 114-ի դիմաց: Զեկուցողն անդրադարձավ նաեւ հրամանատարաշտաբային ուսումնավարժություններին եւ քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման աշխատանքներին:
Հաշվի առնելով մարզում բնական եւ տեխնածին աղետների սպառնալիքները` նշվեց, որ տարվա ընթացքում շարունակվել են այդ աղետների կանխատեսմանը, կանխարգելմանն ու հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումները: Փրկարար ուժերի պատրաստականության բարձրացման նպատակով ՄՓՎ ստորաբաժանումներում անց են կացվել պարապմունքներ, մարտավարական վարժանքներ, հրշեջ-փրկարարական ջոկատների տակտիկական պարապմունքներ: Շվեյցարիայի զագացման եւ համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագրի շրջանակներում ուսումնավարժանքներ են անցկացվել մարզի 4 տարածաշրջաններում:
Անդրադարձ եղավ նաեւ ոլորտում առկա բացթողումներին ու խնդիրներին: Կարեւորվեց համայնքներում հիդրանտների ստեղծման հարցը, ինչպես նաեւ համայնքային բյուջեներում ԱԻ կանխարգելման եւ վերացման համար միջոցների նախատեսումը:
2013 թ. ընթացքում կատարած աշխատանքների մասին զեկուցեցին նաեւ մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Արմեն Համբարձումյանը եւ հիդրոօդերեւութաբանական ծառայության պետ Էդիկ Միրզոյանը: Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը ներկայացրեց մարզի սեյսմիկ ռիսկերի քարտեզները: Զեկուցողը կարեւորեց համագործակցված աշխատանքը մարզի ղեկավարության հետ, որի արդյունքում այսօր Տավուշը միակ մարզն է, որի բոլոր քաղաքների համար կազմվել են սեյսմիկ ռիսկի քարտեզներ: Տեխնիկական անվտանգության Տավուշի մարզային փորձաքննական բաժանմունքի պետ Գեւորգ Խուդավերդյանը ներկայացրեց տարվա ընթացքում իրականացրած տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքները` նշելով, որ 2013թ. ընթացքում մարզում տեխնածին վթարներ չեն արձանագրվել:
Զեկուցումների շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն, արվեցին կոնկրետ առաջարկություններ: Նիստի աշխատանքներն ամփոփեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:




























