Երեւանի ոչ մի փողոցում երթեւեկությունը ձյան պատճառով չի դադարեցվել, հունվարի 22-ին լրագրողներին հայտնել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա կտրականապես հերքել է այն կարծիքը, որ ձյունը հանկարծակիի է բերել մայրաքաղաքը:
«Ձյունից հետո ընդհանուր օգտագործման բոլոր ճանապարհները մշակվել են աղ ու ավազով, հետո մաքրվել են: Ձյունը մնացել է երկրորդական ճանապարհներին, որտեղ երթեւեկությունն այնքան էլ ակտիվ չէ: Բայց այդ ճանապարհներն էլ կմշակվեն», – վստահեցրել է Արեյանը:
«Թող ձյան կեղտոտ հալոցքը ձեզ չմոլորեցնի: Աղն ու ավազը փուխրացնում են ձյունը, միայն այդպես է կարելի այն մաքրել: Հակառակ դեպքում այն կարծրացնում են ավտոմեքենաների անվադողերը, եւ այն վերածվում է մերկասառույցի: Այդ ժամանակ այն գրեթե անհնար է դառնում մաքրելը», - հստակեցրել է փոխքաղաքապետը:




























