Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնում եռամսյակը մեկ 20-25 ամուսնական զույգ է կազմավորվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը եւ ավելացրեց, որ այս պահին 4550 միայնակ ապրող գրանցվածներ կան, որոնցից 3 հազարը կանայք են, 1500-ը՝ տղամարդիկ:
Նրա խոսքով՝ գրանցվածների 70 տոկոսը տեղի բնակչությունն է, իսկ 30 տոկոսը, որոնց հիմնական մասը տղամարդիկ են, արտերկրից են:
«Նախկինում, եթե հիմնականում գրանցվում էին 40 անց միայնակներ, հիմա արդեն 28-30-ից սկսում են գրանցվել: Իսկ մեր ամենաբարձր տարիքի գրանցվածը 81-ամյա Սարգիս Պապն է եւ 78-ամյա տիկին Իռենը»,-պատմեց Նարե Մարտոյանը:
Նա նշեց, որ աղջիկները հիմնականում նշում են, որ կցանկանան իրենց ամուսինը ապահովված լինի աշխատանքով, տնով եւ մեքենայով: Իսկ տղաները հիմնականում ոշադրություն են դարձնում բնավորությանը եւ արտաքինին: «Վերջերս Ռուսաստանից մի տղա 1.78 մետր հասակով եկավ ասաց, որ փոքրամարմին կին է ուզում` գաճաճ: Հարցրեցի. «Լիլիպո՞ւտ», պատասխանեց. «Հա, ես այդպիսի աղջիկների եմ նախընտրում»,- ասաց Նարե Մարտոյանը:




























