Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավարտվել են «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով լսումները: Դատարանը կողմերին երկու շաբաթ տվել իրենց դիրքորոշման լրացուցիչ վերջնական ապացույցներ ներկայացնելու համար: Լսումներն ավարտվել են, եւ մնացել է, թերեւս, տեխնիկական կողմը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը հայտնել , որ հայկական կողմը մտադիր է ընդհանրացված ապացույցներ ներկայացնել: «Մենք կրկին առարկայորեն եւ հստակ կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- ընդգծել է Կոստանյանը:
ՀՀ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հայկական կողմը շեշտը դրել է 2 հիմնավորման վրա: Առաջին, որ Լեռնային Ղարաբաղը, չլինելով ճանաչված պետություն, այդուհանդերձ փաստացի անկախ պետություն է՝ իշխանության բոլոր, այդ թվում դատական ատրիբուտներով: Երկրորդ հիմնավորումն այն է, որ եթե Ադրբեջանի քաղաքացին կարծում է, թե խախտվել են իր իրավունքները, կարող է դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանությանը: Կոստանյանը նշել է, թեառկա են նախադեպեր, որ պետության չճանաչված լինելու խոչընդոտ չէ դատական մարմիններին դիմելու համար:
Նշենք, որ ՄԻԵԴ-ում քննարկվում են երկու նախադեպային հայցեր՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրոպական դատարանն առաջին անգամ սկսել է քննել հայ ընտանիքի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսման կապակցությամբ։ Իր հայցում Սարգսյանը նշել է, որ իր տանը հիմա ապրում է ուրիշ մարդ, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ Ներկայումս Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին եւ երեխաները շարունակում են հետեւել դատական գործընթացին։
Սարգսյանի հայցում, մանավորապես մեղադրանք է առաջադրվում սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային եւ կրոնական պատկանելիության պատճառով խտրականություններ դնելու, ինչպես նաեւ հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության համար։
Հատկանշական է, որ նույն օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսել են քննել մեկ այլ՝ մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցը (Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի)։ Տվյալ գործերը համարվում են նմանատիպ հայցերի խմբի նախատիպը։
Նշենք, որ Եվրոպական դատարանի Գերագույն պալատը հանդիսանում է գերագույն մարմինը։ Որոշումներն օրենքի ուժ են ստանում հրապարակվելուց անմիջապես հետո, բողոքարկման ենթակա չեն եւ պարտադիր են կողմերի համար։
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությունը կայանալու է փետրվարի 5-ին:




























