Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն այսօր` հունվարի 23-ին, ներկայացրել է բուհերի վարկանիշավորման ազգային համակարգը, որում առկա են պետական եւ ոչ պետական բուհերն ու մասնաճյուղերը: Շնորհանդեսին ներկա էին ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, ռեկտորներ, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ:

«Մեր նպատակն է ուսանողներին, դասախոսներին, ծնողներին եւ գործատուներին արժանահավատ տեղեկատվություն տալ հայկական բուհերի մասին: Վարկանիշավորման վրա ազդել է սոցիոլոգիական հարցումները, որոնք արվել են մեծ մասամբ գործատուների շրջանում»,- ասաց ԿԳՆ նախարարը` ընդգծելով, որ սա փորձնական ծրագիր է:

Սոցիոլոգիական հարցումների համար ընտրվել է երեք թիրախային խումբ` ուսանողներ, դասախոսներ եւ գործատուներ:

«Հարցումներից պարզ դարձավ, որ գործատուներն օրինակ գերադասում են ԵՊՀ-ն, իսկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին թերահավատորեն են մոտենում, սակայն գործի են ընդունում»,- ասաց սոցիոլոգը` ամփոփելով հարցման արդյունքները:

Հայկական բոլոր համալսարանները բաժանված են 9 հիմնական խմբերի. «Առաջին տեղում է Երեւանի պետական համալսարանը, որին հետեւում են Մանկավարժական եւ Ճարտարապետական համալսարանները»:

Վարկանիշավորման ազգային համակարգի տվյալներն արդեն վաղն առավոտյան հասանելի կլինեն համացանցում: Սկզբնական շրջանում կայքի աշխատանքները համակարգելու է նախարարությունը, սակայն Արմեն Աշոտյանը նշեց, որ մեկ-երկու տարի անց այն կփոխանցեն ոչ պետական մի կազմակերպության: