Վրացական արտաքին քաղաքականության գերատեսչությունում հիմնվելով Ներքին գործերի նախարարության տվյալների վրա հաստատվում է, որ ռուսական զորքերը զբաղեցրել են Քաղաքային շրջանի Կվեշի գյուղը եւ «այսպես կոչված Հարավային Օսիայի սահմանի տեղաշարժման նպատակով գյուղի տարածքը գծանշել են սյուներով»։
Վրացական ԱԳՆ այս գործողությունները գնահատում է որպես «վրացական տարածքի խորքը մտնելու ռուսական զավթիչների փորձ», եւ միջազգային հանրությանը կոչ է անում մանրակրկիտ հետեւել իրադարձությունների զարգացմանը։ Սրանից բացի, Վրաստանի ԱԳՆ ռուսական զորքերի գործողությունները կապում են «երկու օր առաջ Ցխինվալի վարչակազմի առնչությամբ հնչեցրած հայտարարություներին», որոնցում ասվում է Տրուսո Կազբեկյան շրջանի «վերադարձի» մտադրության մասին։ Վրաստանը մտավախություն է հայտնում, որ «Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մոտալուտ տարելիցի կապակցությամբ, ռուսական կողմը եւ Ցխինվալիում նրա ենթակա վարչակազմը գիտակցաբար լարում են իրավիճակը եւ սադրիչ քայլեր ձեռնարկում»։
Ռուսաստանի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքել Վրաստանի այս հայտարարությանը։
Սակայն, վերջին երկու օրերի ընթացքում Մոսկվան եւ Թբիլիսին փոխանակվել են զինադադարի ռեժիմի խախտման մեղադրանքներով։ Մասնավորապես՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վրացական կողմը հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը գնդակոծել է Հարավային Օսիայի մայրաքաղաքը։ Ռուսաստանի ԱԳՆ հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստ է ուժ գործադրել հակամարտության տարածքում ռուսական զինծառայողներին եւ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Թբիլիսիում իրենց հասցեագրված մեղադրանքը անհիմն են անվանել, իսկ ռուսական զինվորականների հայտարարությունը գնահատել են որպես «բացահայտ սպառնալիք Վրաստանին»։




























