«Կոռոզիա մետալա» ռոք խմբի առաջնորդ Սերգեյ («Սարդ») Տրոիցկին ձերբակալվել է Նովոսիբիրսկում` ուրբաթ առավոտյան ավիաանվտանգության ծառայության հետ վեճից հետո, հայտնել են գործակալությանը:
«Ձեռքի ուղեբեռով նա փորձում էր խմիչք անցկացնել, որն արգելված է։ Այդ մասին նրան զգուշացնելուց հետո վեճ էր ծագել: Նրան «Աերոֆլոտի» ներկայացուցչություն ուղեկցելուց հետո տվյալ քաղաքացին կոտրել էր տեխնիկան», - հայտնել է ՌԴ Սիբիրի դաշնային շրջանի ՆԳՆ-ի տրանսպորտի վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ավիաընկերությունը Տրոիցկուն թույլ չէր տվել թռիչք կատարել, իսկ բուժզննումից էլ վերջինս հրաժարվել էր:
«Տվյալ պահի ճշտումներ են կատարվում, օդանավակայանի ավիաանվտանգության ծառայությունը եւ ավիաընկերության ներկայացուցիչը դիմում են գրել Տրոիցկու դեմ», - ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նշենք, որ հունվարի 23-ին Սերգեյ Տրոիցկին իր թեկնածությունն էր առաջադրել Նովոսիբիրսկի քաղաքապետի ընտրություններում, որոնք նշանակված են ապրիլի 6-ին:




























