Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետերին հանձնարարել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, զինված հանցախմբերի վնասազերծման գործում` 2014 թվականն այդ առումով դարձնելով վճռորոշ տարի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի պարագայում ուներ սա նաեւ կոնկրետ շարժառիթ. շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում՝ ռեստորանային համալիրին հարակից տարածքում կատարված երկու հոգու սպանությունը, որի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:
Այս գործի քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ էլ տարբեր սննդի օբյեկտներում կրակոցներ են հնչել: Ոմն Ռաֆայել Թադեւոսյան, որն ազատվել էր պատժի կրումից, վերադարձել էր Վարդենիս, փորձում էր ստեղծել իր ազդեցության ոլորտը: Մի դեպքում Թադեւոսյանը, իր մոտ եղած ապօրինի զենքով` ատրճանակով չորս անգամ կրակել էր ռեստորանի սյանը, մեկ այլ դեպքում զենքը պահել էր մատուցողուհու վրա, ինչ է, թե վերջինս հատուկ ուշադրություն չէր դարձրել իր անձին, երբ նա բարեհաճել էր ներս մտնել, մի երրորդ դեպքում, արդեն իր որդու հետ, անհարկի վիճաբանություն էր սարքել երկու ուրիշ անձի հետ, դիտավորությամբ ոչնչացրել նրանց գույքը:
Այս փաստերի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցներ՝ Ռաֆայել Թադեւոսյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննության շրջանակներում կատարվել են տասից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք:




























