Ավստրալիայում բժիշկներն արթրիտով տառապող էգ վոմբատին փրկելու համար յուրօրինակ վիրահատություն են կատարել։

Geekosystem.com-ը հայտնում է, որ Վենդի անունով էգ վոմբատը ազդրի բարդ վիրահատություն է տարել։ Բժիշկները հույս ունեն, որ վիրահատությունից հետո ծեր կենդանին լիակատար կապաքինվի եւ կուրախացնի կենդանաբանական այգու այցելուներին։

Խոտակերն անասնաբույժների ուշադրությունը գրավել էր վերջերս, երբ սկսել էր կենդանաբանական այգում զբոսնելիս կաղալ: Կենդանուն վիրահատել էին: Ըստ վիրաբույժ Սքոթ Ռոուզի` վոմբատի ազդրը վիրահատելն ավելի դժվար է, քան շան կամ կատվինը, քանի որ այս կենդանիների ազդրերի մկանային համակարգերն ավելի հզոր են: 

Վիրահատությունը բարդ էր, քանի որ Վենդին 22 տարեկան է, իսկ այդ տարիքին նրա ցեղակիցներից շատերը չեն հասնում: Վոմբատի կյանքի միջին տեւողությունը 15 տարի է: Այսօր մոլորակում այդ տեսակի ամենատարեց ներկայացուցիչը 25-ամյա էգ վոմբատն է` Չուբակա մականվամբ, որն ապրում է Տոկիոյի կենդանաբանական այգում: