2013թ. սմարթֆոնների համաշխարհային վաճառքը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 41%-ով, եւ կազմել  ռեկորդային 990 միլիոն միավոր: Այսպիսի տվյալներ է բերում ամերիկյան Strategy Analytics վերլուծական ընկերությունը:

Շուկայի առաջատարն է շարունակում մնալ հարավկորեական Samsung ընկերությունը, որին բաժին է ընկում վաճառքի 32,3%-ը:

«Մեկ տարվա ընթացքում Samsung-ն իրացրել է 319,8 միլիոն սմարթֆոն: Թեեւ չինական եւ ամերիկյան արտադրողների կողմից  խիստ մրցակցությանը,  ընկերությունը շարունակել է թողարկել հայտնի Galaxy S4 եւ Note 3 մոդելները», - նշել է  Strategy Analytics-ի գործադիր տնօրեն Նիլ Մոստոնը:

Վարկանիշի երկրորդ սանդղակում է iPhone –ի արտադրող ամերիկյան Apple ընկերությունը: Նրան է պատկանում շուկայի 15,5%-ը: 2013թ. ընթացքում ընկերությունը վաճառել էր 153,4 միլիոն սմարթֆոն, որը 13%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ըստ փորձագետների`սմարթֆոնների շուկայում Apple –ի մասնաբաժինը նվազել է. 2012թ. iPhone –ին բաժին էր ընկում համաշխարհային վաճառքի 19%-ը:

Անցյալ տարի Samsung-ին եւ Apple-ին բաժին էր ընկել սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների գրեթե կեսը, սակայն, ըստ վերլուծաբանների,  նրանց համար մրցակցություն են ստեղծում այլ արտադրողներ:

Առաջատարների եռյակը եզրափակում է Huawei-ը, որն անցյալ տարի վաճառել էր  50,4 միլիոն սմարթֆոն (5,1% վաճառք), նրան հաջորդում է LG-ն (47,6 միլիոն սմարթֆոն` 4,8% վաճառք) եւ Lenovo-ն (45,5 միլիոն սմարթֆոն` 4,6%), հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: