Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ անհրաժեշտ է կանխել Ռուսաստանում նույնասեռ ամուսնությունների օրինականացման փորձերը։ Նման կոչով նա հանդես  է եկել  Դաշնության խորհրդում՝ սուրբծննդյան XXII ընթերցումների ընթացքում։

«Մենք վճռականորեն հայտարարում ենք. ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միություն է՝ հիմնված սիրո եւ փոխըմբռնման վրա, երեխաներ ունենալու համար», — հայտարարել է պատրիարքը եւ հավելել, որ նման միջոցառումներ պետք է ձեռնարկել ի պատասխան նույնասեռ ամուսնությունների հարցով «միջազգային լայն քննարկումների», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը, հավելել է Կիրիլը, պայմանավորված է «քրիստոնեության բնույթով», այլ ոչ թե երկրում քաղաքական իրավիճակի վրա ազդելու փորձերով։

Նման բարոյական օրենքներ ընդունելով` Ռուսաստանը կրոնական  պետություն չի դառնա, այլ  ընդհանուր բարօրության «ողջամիտ խնամակալ», ասել է նա:

2013թ. ամռանը պատրիարք Կիրիլը արտասահմանյան երկրներում նույնասեռ ամուսնությունների օրինականացումն անվանել էր «աշխարհի վերջի վտանգավոր խորհրդանիշ»:

Հիշեցնենք, որ 2012թ. ՌՈՒԵ-ի Մոսկվայի գրասենյակը շրջաբերական էր հրապարակել, որտեղ հավատացյալներին կոչ էր արել պայքարել «ագրեսիվ ազատականության  կեղծ արժեքների դեմ», որոնք առաջ են մղվում «հակաեկեղեցական ուժերի կողմից»:

Շրջաբերականը ներկայացվել էր  Քրիստոս Փրկչի եկեղեցում՝  Pussy Riot-ի ելույթից անմիջապես հետո: