Հայաստանի կառավարությունը ապրիլի 15-ին կայացած նիստում որոշել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 18 միլիոն 900 հազար դրամ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գումարով, մասնավորապես, կկազմակերպվեն համերգային երեկո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, կհրատարակվի ինչպես վավերագրական, այնպես էլ գիտական եւ գեղարվեստական գրականություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետական մարմինների եւ ՀԿ-ների մասնակցությամբ մշակվել է հարուստ եւ բազմաբովանդակ ծրագիր, որը կիրականացվի ապրիլի 16-ից սկսած եւ որին կմասնակցեն նաեւ կառավարության անդամները:




























