Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին հունվարի 29-ին հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է պետական դրոշը փոխելու հարցով հանրաքվեի անցկացման հնարավորությունը:

Նրա խոսքով՝ նորզելանդացիների շրջանում ներկայումս դրոշը փոխելու վերաբերյալ  գերիշխող կարծիք չկա:

1902թ. հաստատված պետական դրոշը ունի կապույտ ֆոն, վերեւի ձախ անկյունում բրիտանական Յունիոն Ջեքն է եւ Հարավային Խաչի առավել պայծառ համաստեղությունները խորհրդանշող չորս կարմիր աստղեր:

Նորզելանդացիներից շատերին այն դուր չի գալիս, քանի որ շատ նման է ավստրալականին: Սակայն փոփոխությունների կողմնակիցները նոր դրոշի տեսքի հարցում միասնական կարծիք չունեն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խորհրդարանականներից շատերն առաջարկում են միայն Մեծ Բրիտանիան խորհրդանշող Յունիոն Ջեքը հանել: Բնիկների շահերը ներկայացնող «Մանա» կուսակցության առաջնորդն էլ  առաջարկում է օվկիանոսային ալիք հիշեցնող  հորիզոնական սպիտակ շերտով սեւ ու կարմիր դրոշ ունենալ: