Ղրղզստանում բնակվող ռուսները բողոքում են իրենց գրասենյակների եւ տների վրա կատարվող ավազակային հարձակումներից։ Այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

«Լուրջ անհանգստություն է առաջացնում այն, որ վերջին օրերին Բիշքեկում Ռուսաստանի դեսպանատուն են հասնում ՌԴ քաղաքացիների բողոքներն այն մասին, որ նրանց ունեցվածքի հանդեպ ավազակային հարձակումներ են իրականացվում»,- հայտարարել է Նեստերենկոն։

Նրա խոսքով, Ղրղզստանի իրավապահ կառույցները շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում օգնության եւ պաշտպանության խնդրանքներին։

Այդ կապակցությամբ, ապրիլի 13-ին Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանատունը դիմել է այդ երկրի իշխանություններին, որպեսզի վերջիններս ապահովեն Ղրղզստանում ապրող ռուսալեզու քաղաքացիների անվտանգությունը։