Հունվարի 29-ին մեկնարկող եվրոպացի ավիադիսպետչերների երկօրյա գործադուլը կարող է հանգեցնել չվացուցակներում որոշակի փոփոխութունների: Առաջին հերթին դա վերաբերում է Իտալիային ու Ֆրանսիային: Նման նախազգուշացմամբ են հանդես եկել բրիտանական British Airways եւ EasyJet ընկերությունները:

Եվրոպացի ավիադիսպետչերների արհմիության համակարգող կոմիտեն մտադիր է բողոքի ակցիա անցկացնել ԵՄ ծրագրերի դեմ, որոնք կապված են Եվրոպական բաց երկինք նախաձեռնության հետ: Այն ուղղված է ԵՄ երկրներում օդանավերի թռիչքներին հետեւելու համակարգի բարեփոխմանն ու ազատականացմանը:

Նախագծի հեղինակների կարծիքով՝ այդ նախաձեռնությունը կյանքի կոչելը թույլ կտա ավելացնել եվրոպական ավիացիայի ուղեւորահոսքն ու նվազեցնել ծախսերը: Դիսպետչերները մտավախություն ունեն, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է միջոցների տնտեսումը, ինչը կհանգեցնի աշխատանքից հեռացումների ու բացասաբար կանդրադառնա թռիչքների անվտանգությա վրա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Գործադուլին կմասնակցեն Ավստրիայի, Հունգարիայի, Հունաստանի, Իտալիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Ֆրանսիայի ու Չեխիայի ավիադիսպետչերները:

Սպասվում է, որ գործադուլը կհանգեցնի չվացուցակներում փոխությունների եւ խորհուրդ են տալիս ուղեւորներին մեկնումների ու ժամանումների մասին տեղեկություններ ստանալ ավիաընկերությունների ինտերնետային կայքերում: