Բրյուսելում ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի ՆԱՏՕ-Հայաստան ձեւաչափով նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում նորացված գործընկերության նպատակները: ՀՀ պատվիրակությունը պաշտպանական բարեփոխումների շարքում ներկայացրել է պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման գործընթացը:
Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում իրականացված պաշտպանական բարեփոխումները` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը եւ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեությունը, որը արժանացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության բարձր գնահատականին:




























