Աշխարհում ամենաբարձրահասակ կնոջը, որը Գինեսի ռեկորդների գրքի նոր ռեկորդսմենուհին է դարձել, դադարել է աճել այն բանից հետո, երբ բժիշկները հեռացրել են նրա գլխուղեղի ուռուցքը:
Սիդիգա Փարվինը, որի հասակը հասնում է 2,46 մետրի, իսկ քաշը՝ 129 կգ-ի, հաղթահարել է 1500 կմ, իրենց գյուղից հասնելով Դելիի հիվանդանոց, որտեղ բժիշկները խոստացել են փրկել նրա կյանքը:
Վիրահատությունից առաջ 28-ամյա աղջկա ողնաշարը կոտրվելու սահմանին է եղել: Անընդհատ աճելու արդյունքում նա նաեւ կորցրել է տեսողությունը, հաղորդում է Mail Online-ը:
Սիդիգան տառապում է գիգանտիզմով: Դրա պատճառը գլխուղեղի ուռուցքն է եղել, որը նպաստել է աճի հորմոնի լրացուցիչ քանակի արտադրությանը: Երկար տարիների ընթացքում աղջիկը չի կարողացել կանգնել՝ ողնաշարի կոտրվածքի պատճառով:
Բժիշկների խոսքով՝ վիրահատությունը հաջող է անցել: Ներկայումս աղջիկը դեռեւս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Բժիշկները նշել են, որ բացի ֆիզիկական վերականգնումից, աղջիկը պետք է նաեւ պայքարի հոգեբանական ճգնաժամի դեմ, քանի որ երկար տարիներ նա մեկուսացած է եղել հասարակությունից, հաղորդում է FedPost.ru-ն:



























