Այսօր` ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին խոսնակ Պավոլ Հրուշովսկուն` 2004 թվականի նոյեմբերի 30-ին Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման և հաստատման գործընթացին աջակցելու համար:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից, շնորհակալություն հայտնելով գնահատվելու և բարձր պարգևի արժանանալու համար` Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին խոսնակ Պավոլ Հրուշովսկին մասնավորապես ասել է. «Հայերի դեմ կատարված ցեղասպանությունը բոլորը պետք է համարեն ոճիր ընդդեմ համայն մարդկության: Մենք պահանջում ենք, որ այն կատարողներն ունենան լրջություն, ընկալեն իրենց արածն արհավիրքի ողջ խորությամբ: Ես հպարտ եմ, որ Սլովակիայի խորհրդարանն ունեցավ այն քաջությունը, որ ընդունեց Ցեղասպանությունը որպես փաստ: Եվ առավել ևս ուրախ եմ, որ մենք պետք է օրինակ լինենք այն բոլոր երկրների համար, որոնք դեռևս այդ քաջությունը չունեն»:

Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը որակելով որպես քաղաքական գնահատական կատարված ցեղասպանությանը` Պավոլ Հրուշովսկին հավաստիացրեց, որ ստացած պարգևն ընդունում է որպես նոր «բեռ»` նոր պարտականությունների կատարման համար, որն իր երկրի քաղաքական գործիչները պետք է վերցնեն իրենց վրա` հանուն հայկական հարցերի և խնդիրների լուծման:

Պարգևատրմանը ներկա են եղել ԱԺ փոխնախագահներ Արևիկ Պետրոսյանը և Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: