Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գիորգի Արսենիշվիլին եւ ենթակառուցվածքների ու տարածաշրջանային զարգացման նախարար Դավիթ Տկեշելաշվիլին կայցելեն հայալեզու Ջավախք՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
«Տարածաշրջանում հանրային քաղաքականության մշակման աջակցության գործընթացի» մասնակիցները Գիորգի Արսենիշվիլիի հետ հանդիպմանն առաջին պլան են մղել զբաղվածության խնդիրը: Նրանք պահանջել են, որ տարածաշրջանում գործող ձեռնարկություններում աշխատողների 70 տոկոսը լինեն տեղացիներ:
Արսենիշվիլիի խոսքով, խորհրդարանն իրավունք չունի խառնվել մասնավոր ձեռնարկությունների գործունեության մեջ, բայց իրավիճակին ծանոթանալու համար ինքը մտադիր է այցելել տարածաշրջան Դավիթ Տկեշելաշվիլիի հետ:
Արսենիշվիլին հայտնել է նաեւ, որ Ջավախքի հայ երիտասարդությունն այսուհետ կհանգստանա վրացական հայրենասիրական ճամբարներում:
Նշվել է, որ պետական լեզվի չիմացությունը խնդիրներ է հարուցում հայ երիտասարդության համար: Մասնակիցներից մեկն առաջարկել է հաճախակիացնել հայ երիտասարդության կապերը վրացի երիտասարդների հետ:




























