Ժամանակին Ռոտշիլդների ընտանիքին պատկանած XVI դարի ժամագիրքը Նյու Յորքի Christie's աճուրդի տանը վաճառվել է 13,6 մլն դոլարով:

«Ռոտշիլդի ժամագիրքը» ներկայացվել էր Հին վարպետների աշխատանքների շաբաթվա շրջանակում կազմակերպված «Վերածննդի արվեստը» աճուրդում:

Հոգեւոր գիրքը 1505թ. ստեղծվել էր Նիդեռլանդների կայսերական արքունիքի ներկայացուցիչներից մեկի համար:  

XIX դարում այն հայտնվել էր բարոններ Ալբերտ եւ Նաթանիել Ռոտշիլդների հայտնի հավաքածուում, իսկ 1999-ին այդ հավաքածուի հետ մեկտեղ աճուրդում վաճառվել էր ձեռագրի համար ռեկորդային՝ գրեթե  13,4 մլն դոլարով: Այս անգամ կազմակերպիչներն ակնկալում էին 12-18 մլն դոլար ստանալ:

Ժամագիրքը զարդարված է այնպիսի հայտնի վարպետների մանրանկարներով, ինչպիսիք են Գերարդ Հորենբոութը, Գերարդ Դավիթը, Ալեքսանդր եւ Սիմոն Բենինգները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ժամագիրքը բովանդակում է աղոթքների եւ ժամերգությունների տեքստեր՝ եկեղեցական ամենօրյա ժամերգությունների համար: