Ստամբուլի Բոյաջըքյոյի Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազարեթ Օզսահակյանը պետությունից պահանջել է վճարել քրիստոնյա հոգեւորականների աշխատավարձերը։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բոյաջըքյոյի Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազարեթ Օզսահակյանը հայտնել է, թե Թուրքիայի քրիստոնյա համայնքներն այլեւս չեն կարողանում վճարել հոգեւորականների աշխատավարձները եւ այն պետությունից ստանալու համար դիմել է Կրոնական գործերով վարչություն։ Սակայն Կրոնական գործերով վարչությունից պատասխանել են, թե իրենք միայն եկեղեցիների էլեկտրաէնեգիայի գումարն են իրավասու վճարել։

Այնուհետ Նազարեթ Օզսահակյանը քրիստոնյա հոգեւորականների աշխատավարձը պետությունից ստանալու պահանջով դիմել է Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Նիհաթ Օմերօղլուին։

Օզսահակյանը նշել է, թե իրենք մյուս քաղաքացիների պես վճարում են հարկեր եւ պետությունը պարտավոր է հավասարություն դնել եւ ինչպես, որ վճարում է մուսուլման հոգեւորականների՝ իմամների աշխատավարձը, այնպես է պետք է վճարի քրիստոնյա հոգեւորականների աշխատավարձը։ «Իմամը եւ քահանան պետք է հավասար լինեն։ Եթե դրական արդյունք չստանանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան»,-ասել է Նազարեթ Օզսահակյանը։