Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Էրեղլիի շրջանում հասարակական ավտոբուսի վարորդ Էրջան Թոփչուն հետաքրքիր տարբերակով է ամուսնության առաջարկություն արել իր ընկերուհուն։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրջան Թոփչուն իր եւ ընկերների վարած 4 ավտոբուսներով գիշերն այցելել է իր սիրած աղջկա տան մոտ։ Նա գետնի վրա ներկով գրել է «Ինձ հետ կամուսնանա՞ս» եւ ծաղկեփունջը ձեռքին ձայն տվել ընկերուհուն։

Երբ ընկերուհին բացել է պատուհանը, երիտասարդը հրավառության ներքո ամուսնության առաջարկություն է արել եւ ստացել դրական պատասխան, որից հետո աղջկա մայրը պատուհանից մի դույլ ջուր է լցրել ապագա փեսայի գլխին։

Ավելի ուշ, երբ աղջիկը տնից դուրս է եկել եւ փարվել տղային, դուրս է եկել նաեւ աղջկա մայրը։ Թեեւ ցուրտ եղանակին աղջկա մայրն իր վրա ջուր էր լցրել, ապագա փեսան աղջկա մորը բարեւել է եւ համբուրել նրա ձեռքը։